Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

 

Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
Բնական պայմանները և հարստությունները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) :
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ժամանակ: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:
Քաղաքները
Սյունիքի մարզում համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են:  Գորիսը քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ):
Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:
 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև մղված ծանր պատերազմի ընթացքում Սյունիքի մարզը ևս հողային որոշակի կորուստներ ունեցավ:
* * *
Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:
Տեսարժան վայրեր
Ուղտասար
Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:
Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:
Որոտնավանք
Որոտնավանք վանական համալիրը գտնվում է Վաղատին եւ Որոտան գյուղերի միջեւ, Որոտան գետի հովտին նայող ժայռի վրա: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Ստեփանոս եւ Սբ. Կարապետ: Գլխավոր, ավելի հին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է Շահանդուխտ թագուհին, իսկ հարեւանությամբ գտնվող Սբ. Կարապետը դրանից մոտ 6-7 տարի անց կառուցել է նրա որդին՝ Սեւադան: Այս համալիրում է ապրել եւ աշխատել 14-րդ դարի հայ փիլիսոփա եւ աստվածաբան Հովհան Որոտնեցին՝ Տաթեւի վարդապետարան-համալսարանի հիմնադիրը:
Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ
1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից:
Զբոսաշրջային այլ վայրերի թվում են Սիսավանն ու Աղիտուի հուշակոթողը, ինչպես նաեւ մարզի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Տաթեւի վանքն ու Զորաց Քարերը (Քարահունջը):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *